Posted in Հայրենագիտություն

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

illu-36

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ 

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում:

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

աղբյուր՝ http://armenianhouse.org/harutyunyan/04-gods.html

Թողնել մեկնաբանություն