Posted in Uncategorized

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի ընկույզի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Թողնել մեկնաբանություն