Posted in Uncategorized

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հայրենագիտություն 4-5-րդ դասարան

«Հայրենագիտությունը» ներառում է «Դիցաբանություն», «Պատմություն» դասընթացները, կազմակերպվում ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» ուսումնական մոդուլները: Հայրենագիտություն առարկան չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու համար: Դասընթացի կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»: Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ: Ըստ մեր ուսումնական պլանի, ինչպես նաև հայրենագիտություն առարկան սովորողին ավելի շոշափելու ու հասանելի դարձնելու համար, հայրենագիտության առարկայի անբաժանելի մասն են կազմում տարբեր բնույթի ուսումնա- հայրենագիտական ճամփորդությունները, ինչպես քաղաքում՝ թանգարաններ, Երևան քաղաքի այլ վայրեր, այնպես էլ 1-օրյա և բազմօրյա արշավներ՝ Երևան քաղաքից դուրս: Սովորողները հետազոտում են իրենց թաղամասը, քաղաքը, գյուղը, երկիրը, բացահայտում տվյալ տարածքի անվան (անունների) ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, արդի էկոլոգիական խնդիրները, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն): Սովորողներն իրենց ընտրությամբ կատարում են նաև ուսումնա-հետազոտական այլ աշխատանք` բանահավաքություն (բնակավայրի, լեռների, լճերի, գետերի տեղանունների ծագման հետ կապված զրույցների-ավանդություններ, ավանադական կերակրատեսակների բաղադրատոմսեր, ծեսերի նկարագրություն և այլն), էկոլոգիական (բնակավայրերի բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների ուսումնասիրում): Գնահատում — Սովորողները գնահատվում են ստուգարքային տարբերակով՝ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող նախագիծ էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք: Կարևորվում է մասնակցությունը ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններին մասնակցությունը և դրանց անդրադարձը: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: 4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝ 1. կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով 2. հաղթահարի իր տարիքին համապատասխան բարձունքներ 3. հայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը․․․ 4. Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին 5. հայրենագիտորեն արշավել 6. կարողանա պատրաստել հետաքրքիր ուսումնական-ճանաչողական տեսաֆիլմեր հայրենիքի մասին 7. ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր կատարել՝ ընտանեկան հայրենագիտություն: