Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)

Изображение

Գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին հիմնովին ավերվել է, և նրա տեղը կառուցել են <<Մոսկվա>>կինոթատրոնը: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ որոշ տվյալների, Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ.` հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` XVII դարավերջին:

Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին եռանավ բազիլիկ էր, անգմբեթ: Ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն էր՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերը տարբեր ժամանակների որմնանկարների 6 շերտ ունեին, որոնցից վերին երկուսը պաստառի, իսկ խորքերինը կրածեփի վրա էին:
Եկեղեցին քանդելիս դրանք շերտ-շերտ հանվել ու փոխադրվել են տարբեր թանգարաններ:
Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Գեթսեմանի մատուռ (հիմնահատակ քանդված)

Изображение

Գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում. այնտեղ, որտեղ կառուցվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Մատուռի շուրջը սփռված էր հին Երևանի գերեզմանոցը: Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ XI-XIIIդդ. կառուցված միագմբեթ եկեղեցի։ 1679թ. երկրաշարժից ավերվել է: Նույն  տեղում նույն  դարավերջին կառուցվել է մատուռը և մինչև 1920-ականները գոյատևել:  Եկեղեցին իր հորինվածքով միանավ թաղածածկ էր, փոքրաչափ ու անգմբեթ։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը` առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները պատկանում են XVII դարավերջին, որը և համարվում է կառուցման ժամանակը։ Մատուռը նորոգվել է 1901թ., կտուրը թիթեղապատվել է հին երևանցի մեծահարուստներ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։
Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հիմնահատակ քանդված)

Изображение

Գտնվել է քաղաքի կենտրոնական մասում` ներկայիս Ամիրյան փողոցում՝ Ե. Չարենցի անվան դպրոցի տեղում։ Այն Երևանի ամենաուշ կառուցված եկեղեցիներից էր։ Եկեղեցին հիմնադրվել է 1869թ., սակայն տարբեր պատճառներով շինարարությունն ընթացել է ընդմիջումներով և ավարտվել 1900թ.: Երկու տարի անց արևելյան կողմից կցակառուցվել է վերասլաց ծավալով մի զանգաշտարակ։ Ըստ դրա վրայի արձանագրությունների` եկեղեցին կառուցվել է երևանցի Գրիգոր Ղազարյանի, զանգաշտարակը՝ Գևորգ Տեր-Սահակյանի նվիրատվությունների հաշվին։ Տուֆակերտ գմբեթավոր եկեղեցին քանդվել է 1940-ականների վերջին:

Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Изображение

Երևանի Անդրանիկի թաղամասի Ս. Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001թ. մարտին: Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ:

2004թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման  արարողությունը:
Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Սուրբ Խաչ եկեղեցի

Изображение

Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: 1996թ. ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով  սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությունը: Տասը տարի անց՝ 2006թ. հոկտեմբերին, ավարտվեցին եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Սբ. խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է:

Նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը: Նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծեց նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սբ. խորանը, այնուհետև մատուցվեց Սբ. պատարագ: