Posted in Uncategorized

Հայաստանի հանրապետություն

1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում
սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար:

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաև Հայաստանի անկախության համար։ 1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը՝ կրկին հաստատելով անկախ պետականություն ունենալու համազգային ձգտումը։
Հայաստանի նորանկախ հանրապետությունը պիտի հաղթահարեր բազմաթիվ
դժվարություններ։ Դրանք զինված բախումներն էին Հայաստանի և Ադրբեջանի
սահմաններին, Ադրբեջանից հարյուրհազարավոր հայ փախստականների առկայությունը և այլ հիմնախնդիրներ։ Չնայած այդ ամենին` հայ ժողովուրդը կարողացավ հաղթահարել դժվարությունների ամենածանր փուլը և նոր պետականության կառուցման հաստատուն քայլեր անել։ Հայաստանն ընդունեց սահմանադրություն, ձևավորեց խորհրդարան, որը կոչվում է Ազգային ժողով։ 1991թ. սահմանվեց նախագահական կառավարում։ Պատմության մեջ առաջին անգամ մենք ընտրեցինք հանրապետության նախագահ: Փոխվեց նաև երկր
տարածքային կառավարումը. հանրապետությունը բաժանվեց
մարզերի և համայնքների:
1988 թվականի համաժողովրդական ցույցերից մեկը Անկախության տարիների ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորն է։
Հայաստանի Հանրապետությունը անկախ պետականություն
ունենալու հայ ազգի դարավոր իղձերի իրականացումն է: Այն
պահպանել և զարգացնելը յուրաքանչյուրի սրբազան պարտքն է:

Posted in Uncategorized

Խորհրդային Հայաստան (1920-1991թթ.)

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը և պետականության այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին Մոսկվայում, որը սկզբում Խորհրդային Ռուսաստանի, իսկ հետո միաժամանակ նաև Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։
Հայաստանի Գերագույն խորհուրդը, այսինքնօրենսդիր մարմինը, որևէ ինքնուրույնություն չուներ, և նրա կողմից ընդունված օրենքները չէին տարբերվում Խորհրդային Միության համանման օրենքներից։ Կառավարությունը նույնպես բոլոր կարևոր հարցերը անպայման համաձայնեցնում էր ԽՍՀՄ կառավարության հետ։ Չնայած դրան խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել
է տնտեսական, գիտական և մշակութային զարգացում, կառուցվել
են բազմաթիվ գործարաններ, բնակելի շենքեր, դպրոցներ,
կրթական և մշակութային այլ հաստատություններ։ Խորհրդային
Հայաստանի ղեկավար շատ գործիչներ ձգտել են զարգացնել Հայաստանը, նպաստել տնտեսության, գիտության, ազգային մշակույթի ծաղկմանը։ Այդպիսի գործիչներ էին Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Յակով Զարոբյանը և ուրիշներ։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի առաջին հանրապետությունը(1918-1920թթ.)

1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը Հայաստանի խորհուրդը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարից, որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։ Կառավարության առաջին նախագահը (վարչապետը) Հովհաննես Քաջազնունին էր։ Հայոց պետականության ամրապնդման ճանապարհին կարևոր քայլ էր անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը։ 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդի հանդիսավոր նիստում հանրապետության կառավարությունը հայտարարեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին։ Հռչակելով այն՝ կառավարությունը նպատակ ուներ վերականգնել Հայաստանի ամբողջականությունը
կատարելով հայ ժողովրդի միահամուռ կամքն ու ցանկությունը։
Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918թ. Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը` կարմիր,
կապույտ և ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920թ. հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներն
էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված
«Մեր հայրենիք» երգը։ Սահմանվեցին նաև ազգային պետական տոներ և բարձրագույն պետական պարգևներ, շքանշաններ։
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական կապեր ուներ Պարսկաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ պետությունների հետ։
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունը իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Posted in Uncategorized

Շառլ Ազնավուր

Համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսահայ մեծ երգիչ, դերասան, հայրենասեր, բարերար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական դեսպան, ՀՀ ազգային հերոս:

Համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսահայ մեծ երգիչ, դերասան, հայրենասեր, բարերար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական դեսպան, ՀՀ ազգային հերոս:

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

Ազնավուրը մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության 60-ամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ 

1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 

1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների։ 2008-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2004թ.: Պարգևատրվել է նաև Հայրենիքի շքանշանով:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Արշիլ Գորկի

Image_3367

Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի):  Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:
Posted in Uncategorized

Կիլիկիայի հայոց պետությունը

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:
Posted in Uncategorized

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Posted in Uncategorized

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

19297_b


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Տրդատ Առաջին
Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը  Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ:
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը: