Posted in Թանգարաններ, Uncategorized

Մայր Հայաստան ռազմական թանգարան

Изображение

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ հուշահամալիրը բացվել է 1950թ. նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. հանվել է Ի. Ստալինի արձանը: 1967թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ արձանը: Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է: 1970թ. բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ. թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ: 1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է 2-րդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը: Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում անմահացված են Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի լրիվ ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անունները: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված է ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը:

Posted in Թանգարաններ

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Изображение

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:
Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

Posted in Թանգարաններ, Uncategorized

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Изображение

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը հիմնվել է 1973թ. ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1970թ.-ի մայիսի 25-ի որոշմաման համաձայն և հանդիսանում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը:
1934թ.-ից մինչ թանգարանի ստեղծումը Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը բնակվել ու ստեղծագործել են այստեղ:
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում են ինչպես թանգարանի պատկանելիության, այնպես էլ արվեստագետների ընտանիքների սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները:
Տուն-թանգարանի գոյության կարևոր գրավականն է արվեստագետների ստեղծագործական ժառանգության պահպանումը, գիտական ուսումնասիրությունն ու պրոպագանդումը;
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թ. ապրիլի 7-ին Պոլսի մոտ գտնվող Մաքրի գյուղում: 1914թ. ընտանիքով տեղափոխվել է Կոստանդնապոլիս: 1919-1921 թթ.  սովորել է Պոլսի գեղարվեստի վարժարանում: 1921-24թթ. սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում` աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզոֆ Մյուլներին: 1925թ.-ից բնակվել է Հայաստանում և իր կյանքը նվիրել սիրելի ժողովրդին: 1932թ  նրա ջանքերով հիմնադրվում  է ՀՍՍՀ նկարիչների միությունը, որը նախագահել է բազմիցս:1945թ.հանդիսացել է Երևանում իր իսկ կողմից հիմնադրված գեղարվեստաթատերական ինստիտւտի առաջին ռեկտորը և քանդակագործության ամբիոնի վարիչը: Արա Սարգսյանը վախճանվել է  1969 թ. հունիսի 13-ին Երևանում:
Թանգարանում Արա Սարգսյանը ներկայացված է վաղ` վիեննական ստեղծագործական շրջանից սկսած, այնուհետև խորհրդային ժամանակաշրջանով, մոնումենտալ դեկորատիվ քանդակներով, ինչի շնորհիվ նրա արվեստը տպավորվում է առավել ամբողջական և որոշակի ստեղծագործական զարգացման մեջ:         
Ստեղծագործությունները առանձնանում են ժանրային բազմազանությամբ` թեմատիկ-հորինվածքային, հաստոցային, մանրաքանդակ,
հարթաքանդակ, մոնումենտալ   և հուշակոթողային:  Քանդակագործը վարպետորեն տիրապետել է տարբեր նյութերի`փայտ, մարմառ, շամուտ, բրոնզ, բազալտ, գրանիտ և այլն:

Թանգարանը ներկայացնում է նաև Ա. Սարգսյանի շուրջ 2 տասնյակ բեմական ձևավորումներից մի քանիսը, գծանկարներ, գրաֆիկական էջեր:
Հավաքածուն համալրված է քանդակագործի անձնական իրերով, որոնց մի մասը ցուցադրվում է վարպետի առանձնասենյակում` գործիքներ, լուսանկարներ: Թանգարանը պահպանում է արվեստագետի հուշաձեռագրային ժառանգությունը` հոդվածներ, նամակագրություն, ելույթներ և այլն: Բազմաթիվ ծոցատետրեր և ալբոմներ ներկայացնում են նրա ուսումնասիրություններն ու գրառումները, գծանկարներն ու էսքիզները:

Թանգարանի գողտրիկ բակում ցուցադրված են «Հիրոսիմա» (1957թ.) և «Մայր Հայաստան»(1968թ.) մոնումենտալ քանդակները: Վերջինս Ա. Սարգսյանը արարել է որպես ժողովրդի ստեղծագործ ոգու խորհրդանիշ, զետեղելով կանացի կերպարի մեկ ձեռքում Զվարթնոցի  տաճարի խոյակներից մեկը, մյուսում` դափնեճյուղ:

Ա. Սարգսյանին, որպես մեծ արվեստագետի, հետաքրքրել է  ճարտարապետության և քանդակագործության սինթեզի խնդիրը, որն արտահայտում են օրինակ` օպերայի հրապարակի Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի արձանների և ՙՍահակ Պարթև Մեսրոպ Մաշտոց՚ խմբաքանդակի նախագծերը: Վերջինս նախատեսված էր Մատենադարանի ֆասադին կից հարթակում տեղադրվելու համար, սակայն խորհրդային  հայեցակարգից ելնելով` նախագիծը չէր իրականացվել: Այժմ խմբաքանդակը իր տեղն  է գտել ԵՊԲՀ-ի բակում իբրև  ուսումնառության խորհրդանիշ

Այս մտահղացումների նախնական էսքիզները, գծանկարները և քանդակային փորձերը պահպանվում են թանգարանի ֆոնդերում  ինչպես նաև ցուցադրվում են:
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ.  դեկտեմբերի 13-ին Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: 1890թ. ընտանիքի հետ տեղափոխվելով Վլադիկավկազ, սովորել է տեղի վարժարանում, արժանանալով օսեթական նկարչի ուշադրությանը: 1900թ. մեկնել է Մոսկվա, ուր հաճախել է փորագրիչ

Պրուսովի արվեստանոցը,      տիրապետել նոր նյութի տեխնիկայի գաղտնիքներին: 1901-1907թթ. Սովորել է Մյունխենում Անտոն Աշբեի գեղարվեստական    ստուդիայում և    Գեղարվեստի ակադեմիայում: 1907 թ. մեկնել է Փարիզ կատարելագործվելու: 1918թ. տեղափոխվում է Երևան և մինչև կյանքի վերջը ապրում և ստեղծագործում է հայրենիքում: Հակոբ Կոջոյանը վախճանվել է. Երևանում 1959 թ ապրիլի 24-ին:

  Հակոբ Կոջոյանի արվեստում միաձուլվեցին արևելքի և արևմուտքի մշակույթներիավանդները, հայ մանրանկարչության, որմնանկարչության և արհեստների սկզբունքների վերաիմաստավորումը և համադրումը իր ժամանակի ձևամտածողության հետ:

Թանգարանը ներկայացնում է Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունների թեմատիկ, ժանրային և տեխնիկայի բազմազանությունը` գրքի ձևավորում, սյուժետային     պատկեր, բնանկար, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական արվեստի էսքիզներ, բեմական ձևավորումներ:

Հ. Կոջոայնի տեխնիկան հարուստ է ու բազմազան. ջրաներկ, տեմպերա, մոմաներկեր, տուշ, փայտափորագրություն:
«Սասունցի Դավիթ՚«մեծադիր կտավը մոնումենտալ գեղանկարչության հիանալի օրինակ է, որն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական ուժը, հայրենասիրությունը: Բազմիցս անդրադառնալով Սասունցի Դավթի կերպարին ` Հ. Կոջոյանը ձևավորել է

«Սասունցի Դավիթ»օպերան, ուր արտահայտվել են հայ մոնումենտալ գեղանկարչության անվանդները և  մոդերն ոճի էլեմենտները:
Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը XX դարի հայ կերպարվեստի խոշորագույն դեմքերն են, որոնց արվեստը պահպանել է իր արդիականությունը:

Posted in Թանգարաններ

Հովհ. Թումանյանի թանգարան

Изображение

953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը:
Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:
Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

Posted in Թանգարաններ, Uncategorized

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Изображение

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը`Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած ժամանակ:

http://www.charents.am/cgi-sys/defaultwebpage.cgi

Posted in Թանգարաններ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Изображение

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ: «Էրեբունի» թանգարանի հիման վրա ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակով թանգարանում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ:

Posted in Թանգարաններ

Երևանի ռուսական արվեստի թանգարան

Изображение

Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

Posted in Թանգարաններ

Հայաստանի բնության պետական թանգարան

Изображение

Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում: Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:

Posted in Թանգարաններ

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Изображение

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.: Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը: Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն:

Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին:

Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

http://parajanovmuseum.am/

Posted in Թանգարաններ

Երվանդ Քոչարի թանգարան

Изображение

Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան»,«Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները: Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է:Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: