Posted in Հեռավար սովորողնր

Հեռավար սովորողների աշխատանքներ, հոկտեմբեր

Նարեկ Առաքելյան, 4-2 դասարան

Հայկ և Բել

Դավիթ Տարախչյան, 4-1 դասարան

Հայկ և Բել

Ալիսա Հովսեփյան, 5-2 դասարան

Բաշ Ապարանի հերոսամարտ

Մուսա լեռան հերոսամարտ

Posted in Uncategorized

Զեյթունի ապստամբություն (1895)

Monument to Zeytun Resistance at Surp Kevork Armenian Church, Aleppo.jpg

Զեյթունի կիսանկախ վիճակը

19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը (և համանուն գավառը) գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Տեղանքը դժվարանցանելի է, շրջապատված լեռներով: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ:

Զեյթունի ինքնապաշտպանությունը

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով:Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում:Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր` 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա բնակչությանը: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:

Posted in Uncategorized

Բաշ Ապարանի հերոսամարտ, հոկտեմբերի 19-23, 5-րդ դասարան

Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մասին - BlogNews.am

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):

Թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի  բնակիչ Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Որորշել են կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել:Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մայիսի 17-ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել և ուղարկել են պաշտպանության։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր-Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի միջև ձգվող բարձունքներում։ Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամքը և սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են և, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23-ի լուսաբացին։ Երևանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը և նույն գիշեր նոր ձևավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը։

Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։

Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 19741979 թվականերին, բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 28-ին:

Posted in Uncategorized

Օդային տագնապ», «ուշադրություն բոլորի» ազդանշանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:

Ազդարարման ազդանշանների տեսակներն են`(լսելու համար անցեք հղմամբ)
1) «Օդային տագնապ». 
2) «ՈՒշադրություն բոլորին»:

Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:

Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.

2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.

2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:

Աղբյուր

Posted in Uncategorized

Մուսա լեռան հերոսամարտ, հոկտեմբերի 12-16-ը, 5-րդ դասարան

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը: