Posted in Ուսումնական նյութեր

Պաշտամունքային կառույցներ

Պաշտամունքային կառույցները տարբեր կրոնների ծիսական արարողությունների կատարման վայրերն են, ժողովուրդների նյութական մշակույթի արժեքավոր ու ծանրակշիռ մասը:

Եկեղեցի

Եկեղեցին քրիստոնեական դավանանքի պաշտամունքային կառույց է: Առաջին եկեղեցիները կառուցվել են IV դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրներում՝ Հայաստանում, Ասորիքում, Բյուզանդիայում: Համայնքի, բնակավայրի կամ վանքի գլխավոր եկեղեցին հաճախ անվանվում է մայր եկեղեցի կամ կաթողիկե: Եկեղեցական կառույցի անհրաժեշտ բաղադրիչներն են աղոթասրահը, Ավագ խորանը՝ ուղղված դեպի արևելք,  ավանդատները և այլն: IV–V դարերի հայկական եկեղեցիները հիմնականում բազիլիկ (Երերույք, Աշտարակ, Ծիծեռնավանք) և դահլիճային (Դվին, Քասաղ, Եղվարդ, Կողբ) տիպերի են՝  Ավագ խորանին մեկ կամ երկու կողմից կից ավանդատներով, սյունասրահներով: Հետագա դարերում կառուցված եկեղեցիները գերազանցապես գմբեթավոր են՝ յուրահատուկ և բազմապիսի հորինվածքներով: Զարգացման յուրաքանչյուր փուլում դրանք տարբերվում են իրենց հատակագծային ու ծավալային լուծումներով, բաղկացուցիչ մասերով, համաչափություններով, գեղարվեստական և կառուցվածքային տվյալներով:

Հայկական եկեղեցիների հիմնական տիպերն են՝ միանավ (Լեռնակերտ) և եռանավ (Քասաղ) դահլիճներ, եռանավ բազիլիկ (Երերույք), գմբեթավոր բազիլիկ (Օձուն), գմբեթավոր սրահ (Պտղնի), կենտրոնագմբեթ եկեղեցիներ՝ մեծաթիվ տարբերակներով (Փարպի, Ագարակ, Մաստարա, Զվարթնոց, Հռիփսիմե, Եղվարդ, Կարս, Խծկոնք)՝ ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն (Սանահին), և այլն: Եկեղեցիներն առանձին կառույցներ են կամ կազմում են վանական համալիրների բաղկացուցիչ մասը: Տարբեր ժամանակներում դրանց կցվել են այլ շինություններ (գավիթներ, զանգակատներ, գրատներ, սյունասրահներ և այլն), XI–XIII դարերում  եկեղեցիների արևմտյան կողմին կից կառուցում էին հատկապես գավիթներ:

Լյութերական եկեղեցին կոչվում է կիրկ կամ կիրխ, լեհական կաթոլիկականը՝ կոստյոլ:

Քրիստոնեական պաշտամունքային կառույցներ են նաև մատուռները՝ վկայարանները, որոնք կառուցվում են վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա: Մատուռները, ըստ էության, պարզ հորինվածքով փոքրաչափ եկեղեցիներ են՝ ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, երկթեք կտուրով. կառուցվել են բնակավայրերում, ճանապարհների մոտ, գերեզմանատներում, վանական համալիրներում:

Մզկիթ

Մզկիթը մահմեդական պաշտամունքային կառույց է, որի` դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, 705–715 թթ.):

Տարբեր երկրներում, շինարարական ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով թելադրված, մշակվել են մզկիթի զանազան տիպեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրների մզկիթներին բնորոշ են դեպի բակ դուրս եկող մեծաթիվ նավերով խոր աղոթասրահը, կեսոնավոր (հատվող հեծաններով) առաստաղները, շթաքարազարդ գմբեթները [Կուտուբիա մզկիթը (1153 թ.)՝ Մառակեշում (Մարոկկո)]: Իրանում (Զավարի մզկիթը, 1135 թ., Սպահանի գլխավոր մզկիթը) և Կենտրոնական ու Միջին Ասիայում տարածված են բակի շուրջն այվաններով (դեպի բակ բացվող թաղածածկ դահլիճներ), մոնումենտալ շքամուտքով [Կալյան մզկիթը (XII դար)՝ Բուխարայում], իսկ Թուրքիայում՝ կենտրոնակազմ, փոքր գմբեթներով շրջափակված, կենտրոնական մեծ գմբեթով ծածկված [Սուլեյմանիեն (1577 թ.)՝ Ստամբուլում, ճարտարապետ՝ Սինան] մզկիթները: Զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, աղյուսի և քարի ձևավոր շարվածքով, ջնարակած խեցեղենով, խճազարդերով, որմնազարդերով: Ժամանակակից մզկիթները կառուցվում են նորագույն շինարարական նյութերով՝ հիմնականում պահպանելով ավանդական հատակագիծը:

Պագոդա

Պագոդան բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ է Հեռավոր Արևելքի երկրներում: Նախատեսված է բուդդայական մասունքներ պահելու համար: Կառուցվում են տաղավարների, աշտարակների (հաճախ՝ բազմաստիճան), կոթողների և այլ ձևերով՝ քառակուսի կամ բազմանկյուն հատակագծով: Որպես կառույցի տիպ՝ կազմավորվել է մ. թ. առաջին դարերում, Չինաստանում (Դայանտա բազմահարկ պագոդան, 652 թ.), տարածվել է Վիետնամում (հայտնի է Դիեն-Բո փայտե պագոդան՝ մեկ սյան վրա, 1044 թ.), Կորեայում, Ճապոնիայում և այլուր:

Սինագոգ

Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում, մ. թ. ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ. թ. ա. III դարում: Մ. թ. 70 թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ: Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը:

Տաճար

Տաճարն  անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում: Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների  վայր:

Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը: Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ. թ. ա. VIII դար), Գառնիի (I դար) տաճարները:

Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ. թ. ա. III–I և մ. թ. I դարերում: Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան և ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են:

Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է «տաճար» եզրույթի կիրառման շրջանակը, իսկ նոր ժամանակներում գրեթե վերացել է «տաճար» և «եկեղեցի» հասկացությունների տարբերությունը:

«Տաճար» արտահայտությունը կիրառվում է  և՜ որպես այլ կրոնական ուղղությունների պաշտամունքային կառույցների ավանդական անվանում (բուդդայական տաճար, Փարիզի Աստվածամոր տաճար, Վասիլի Երանելու տաճար և այլն), և՜ փոխաբերական իմաստով (սրբության տաճար, լույսի տաճար, փառքի տաճար և այլն): Հուդայականության մեջ հայտնի է միայն Երուսաղեմի տաճարը:

Posted in Ուսումնական նյութեր

Դեկորատիվ և դեկորատիվ կիրառական արվեստ

Դեկորատիվ արվեստը միջավայրի,  տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է:

Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է:

Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում: Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը: Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը: Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն:

Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները: Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից: Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր: Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, քարերով զարդարված,

դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր: Միջազգային  շուկայում մեծ պահանջարկ  ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները: IX–XIII դարերում  Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե,

մետաքսե ինքնատիպ գործվածքներ: Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թ-ին  Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թ-ին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին: XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ:

ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի  զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա: Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն:

Posted in Ուսումնական նյութեր

Խաչքար

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Ռաֆայել Իսրայելյան

Posted in Ուսումնական նյութեր

Գեղանկարչություն

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է. ստեղծվում է ներկերով`  հարթ մակերեսի վրա:

Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն,  ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ` օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները: Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր: Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն:

Գեղանկարչական գործեր ստեղծվում են  կտավի, փայտի, թղթի, քարի, ապակու, մետաղե կամ այլ  հիմքի վրա, որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով:

Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է՝ կոլորիտը, որը յուրաքանչյուր պատկերում ունի իր գունաշարը՝ գամման` երբեմն նույն գույնի նրբերանգներով:

Գեղանկարչությունն սկզբնավորվել է դեռևս քարի դարում: Պահպանվել են ժայռապատկերներ Ֆրանսիայում (Ֆոն դը Գոմ քարայրեր), Հյուսիսային Իսպանիայում (Ալտամիր) և այլուր: Արևելքի հնագույն երկրներում (հատկապես` Հին Եգիպտոսում) և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն, Հին Հունաստանում՝ ֆրեսկոների (որմնանկարչության տեսակ է՝ թաց սվաղի վրա) և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հիմնականում մոմանկարչության տեխնիկայով): Հայտնի են անտիկ շրջանի ֆայյումյան դիմանկարները (հին եգիպտական դիմանկարներ, հայտնաբերվել են Էլ Ֆայյում օազիսում, 1887 թ-ին):

Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի շրջանում: Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ Բոնդոնե դի Ջոտտոն: Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են Մազաչչոն, Անդրեա Մանտենյան, Սանդրո Բոտտիչելլին, Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Տիցիանը, Ջորջոնեն (Իտալիա), Յան վան Էյքը, Պիտեր Բրեյգելը (Նիդեռլանդներ), Ալբրեխտ Դյուրերը, Մատիս Նիտհարդը (Գերմանիա) և ուրիշներ:

XVII դարում ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը, ծաղկել է մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (հատկապես` բարոկկո ոճում):

XVII–XVIII դարերում եվրոպական գեղանկարչության զարգացման ընթացքը պայմանավորված էր Ֆրանսիայում (Ժորժ Լատուր, Ժան Բատիստ Սիմեոն Շարդեն, Ժակ Լուի Դավիդ), Իտալիայում (Կարավաջո, Ջուզեպպե Կրեսպի), Իսպանիայում (Էլ Գրեկո, Դիեգո Վելասկեզ, Ֆրանսիսկո Գոյա), Ֆլանդրիայում (Պիտեր Պաուել Ռուբենս, Յակոբ Յորդանս), Ռուսաստանում (Դմիտրի Լևիցկի), Հոլանդիայում (Ռեմբրանդ, Ֆրանս Հալս) և այլ երկըրներում ազգային դպրոցների ձևավորմամբ: XIX դարում Եվրոպայում և Ամերիկայում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել են տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունները: XX դարի խոշոր գեղանկարիչներ Պաբլո Պիկասսոն, Անրի Մատիսը (Ֆրանսիա), Դիեգո Ռիվերան, Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Ռենատո Գուտուզոն (Իտալիա), Վալենտին Սերովը, Մարկ Շագալը (Ռուսաստան) և ուրիշներ իրականությունը նորովի են պատկերել իրենց գեղանկարներում:

XX դարի կեսից առաջացել են նոր հոսանքներ ու դպրոցներ, որոնց բնորոշ են իրականության և աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունն ու ռոմանտիկ ոգեշնչվածությունը:

Գեղանկարչությունը Հայաստանում նույնպես սկզբնավորվել է վաղ անցյալում. հայտնաբերվել են մ. թ. ա. VI–IV հազարամյակների ժայռապատկերներ, նեոլիթյան, էնեոլիթյան շրջանի գունավոր, նախշազարդ և բրոնզի դարի երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով խեցեղեն: Ուրարտական շրջանում գեղանկարչությունն արդեն մասնագիտացված բնագավառ էր (որմնանկարներ, խճանկարներ):

Հայաստանում ավատատիրական կարգերի հաստատումն ու քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն գեղանկարչությանը հաղորդել են նոր ձև և բովանդակություն. գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որը որոշակի պահանջներ է դրել նկարիչ-կատարողների առջև: Հելլենիզմի դարաշրջանից մեզ հասած գեղանկարչության դասական օրինակ է Գառնիի ամրոցի բաղնիքի խճանկար հատակը (III դար): Միջնադարյան եկեղեցիների որմնանկարները և առանձին ձեռագրերի մանրանկարներ գեղարվեստական ու պատմամշակութային խոշոր արժեքներ են:

XVII–XVIII դարերի մոնումենտալ և հաստոցային գեղանկարչությունը զարգացել է Հովնաթանյան տոհմի նկարիչների, Նոր Ջուղայի դպրոցի (Մինաս, Հովհաննես Մրքուզ) գործունեության շնորհիվ: Նոր ժամանակաշրջանի հայկական գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներ Հակոբ Հովնաթանյանի և Հովհաննես Այվազովսկու մի շարք գործեր գույնի անսովոր դրսևորման շնորհիվ դարձել են այդ շրջանի արվեստի լավագույն նմուշներից:

XX դարի սկզբին Հայաստանում  և արտերկրում ստեղծագործող մի խումբ նկարիչներ՝ Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Վարդան Մախոխյանը, Էդգար Շահինը և ուրիշներ, գեղանկարչությունը հարստացրել են բարձրարժեք գործերով: XX դարի 1-ին կեսին հայկական կերպարվեստի ազգային ավանդույթների և գեղանկարչության զարգացմանն իր բացառիկ արվեստով նպաստել է Մարտիրոս Սարյանը: Այդ շրջանում գեղանկարչության առաջընթացին իրենց լուրջ նպաստն են բերել նաև Սեդրակ Առաքելյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Վահրամ Գայֆեճյանը և ուրիշներ:

Հայկական գեղանկարչությունն առանձնակի վերելք է ապրել 1960-ական թվականներին՝ Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Հովսեփ Փուշմանի, Գառզուի, Շարթի, Ժանսեմի և ուրիշների ստեղծագործություններով: Արդի հայ գեղանկարչության ճանաչված դեմքերից են Մկրտիչ Սեդրակյանը, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյանները, Կարեն Սմբատյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Զուլում Գրիգորյանը, Արկադի Բաղդասարյանը, Էմիլ Գազազը, Ռուբեն Ադալյանը, Վալմարը, Փարավոն Միրզոյանը, Սարգիս Համալբաշյանը, Ռուբեն Աբովյանը, Արկադի Պետրոսյանը և ուրիշներ:

Հայկական գեղանկարչությունը բազմիցս ներկայացվել է արտերկրում, կազմակերպվել են ցուցահանդեսներ, հայկական արվեստի օրեր և այլ միջոցառումներ:

Բնանկար

         Բնանկարը կամ բնապատկերը տեղանքի իրական պատկերի գեղարվեստական արտացոլումն է, արվեստի ժանր՝ գլխավորապես գեղանկարչության մեջ և գրաֆիկայում: Հաճախ պատկերվում են նաև քաղաքի, ճարտարապետական համալիրների, ծովերի տեսարաններ:

Բնանկարի որոշ տարրեր սկզբնավորվել են դեռևս Հին աշխարհի արվեստում: Արվեստի այդ ժանրն ինքնուրույն զարգացել է Չինաստանի Տան (VII–X դարեր) և Սուն (X–XIII դարեր) շրջաններում ու Ճապոնիայում (XV–XIX դարեր). այդ ժանրի նկարներ են ստեղծել չին Վան Վեյը, Գո Սին, ճապոնացի Սեսյուն, Կացուսիկա Հոկուսայը: Եվրոպայում բնանկարը՝ որպես ավարտուն ժանր, վերջնականապես ձևավորվել է XVII դարում: Այդ բնագավառում կարևոր դեր են ունեցել նկարիչներ Ջորջոնեն, Վեչելլիո Տիցիանը (Իտալիա), Ալբրեխտ Դյուրերը, Ալբրեխտ Ալտդորֆերը (Գերմանիա), Պիտեր Բրեյգելը, Պիտեր Պաուել Ռուբենսը (Ֆլանդրիա), Հարմենս Ռեմբրանդը (Հոլանդիա), Դիեգո Վելասկեզը, Ֆրանսիսկո Գոյան (Իսպանիա), Նիկոլա Պուսսենը, Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսսարոն (Ֆրանսիա), Ջոն Կոնստեբլը (Անգլիա), Հովհաննես Այվազովսկին, Ալեքսանդր Իվանովը, Իվան Շիշկինը (Ռուսաստան) և ուրիշներ:

Բնանկարի սկզբնավորումը հայ արվեստում սերտորեն կապված է մանրանկարչության հետ: Միջնադարում հայ ծաղկողները ոճավորված-պայմանական ձևերով պատկերել են բնությունը՝ որպես Հին և Նոր կտակարանների մանրանկարների ֆոն, միջավայր: XVIII դարի 2-րդ կեսից հայ արվեստում սկզբնավորվել է բնության իրական պատկերումը (օրինակ՝ Նաղաշ Հովնաթանի «Տաղարանի» պատկերազարդումը):

Հաստոցային գեղանկարչության զարգացման շնորհիվ հայ արվեստում բնանկարը ձևավորվել է իբրև ավարտուն, ամբողջական և ինքնուրույն ժանր: Այս բնագավառում անգնահատելի է Հովհաննես Այվազովսկու դերը. նրա արվեստի անմիջական ազդեցությամբ են բնանկարներ ստեղծել Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Գևորգ Բաշինջաղյանը և այլ նկարիչներ:

XIX դարի 2-րդ կեսից բնանկարի զարգացմանը մեծապես նպաստել են Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Հմայակ Արծաթպանյանը, Փանոս Թերլեմեզյանը, ապա՝ Մարտիրոս Սարյանը, Եղիշե Թադևոսյանը, Էդգար Շահինը:

Արդյունաբերական բնանկարի ժանրը զարգացրել է Գաբրիել Գյուրջյանը: Հակոբ Կոջոյանի գործերն ավելի խստաշունչ են, Ե. Թադևոսյանինը և Սեդրակ Առաքելյանինը՝ ավելի քնարական: Հայրենի բնությունն ավելի բազմազան են ներկայացրել Մհեր Աբեղյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Հովհաննես Զարդարյանը, Արա Բեքարյանը և ուրիշներ: Հայկական բնաշխարհը նորովի են ընկալել XX դարի 2-րդ կեսի նկարիչներ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Քնարիկ Վարդանյանը, Վանիկ Շարամբեյանը, Նիկոլայ Քոթանջյանը, Սեյրան Խաթլամաջյանը և ուրիշներ:

Գծանկար

          Գծանկարը կերպարվեստի բնագավառներից մեկի՝ գրաֆիկայի հիմնական տեսակն է: Այն գծերով, ուրվագծերով և գրաֆիկական  այլ միջոցներով հարթության վրա պատկերված ստեղծագործություն է:

Գրաֆիկական արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով հնարավոր է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների: Գծանկարն ստեղծվում է մեկ կամ մի քանի գույնով` հիմնականում թղթի (հնում՝ պապիրուսի, միջնադարում՝ մագաղաթի) վրա՝ մատիտով, ածխով, կավճով, գրչով, վրձնով և այլն: Օգտագործում են հեղուկ ներկանյութեր՝ տուշ, մելան, ջրաներկ, գուաշ և այլն: Գծանկարը՝ որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ), օգտագործվում է գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության և այլ բնագավառներում: Այն մեծ նշանակություն ունի նաև պատկերազարդման, պլակատի, ծաղրանկարի ժանրերում:

Գծանկարը սկզբնավորվել է վաղ անցյալում, բարձր զարգացման հասել անտիկ արվեստում, միջին դարերում Արևելքում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում: Ռեալիստական գծանկարի գիտականորեն հիմնավորված մեթոդն ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ): XVII–XVIII դարերում գծանկարի խոշոր վարպետներից էին Պիտեր Պաուել Ռուբենսը, Նիկոլա Պուսսենը, Ուիլյամ Հոգարդը, Ռեմբրանդը, XIX–XX դարերում՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Էժեն Դելակրուան, Կարլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը, Իվան Կրամսկոյը, Իլյա Ռեպինը, Օնորե Դոմիեն, Էդգար Դեգան, Պաբլո Պիկասսոն և ուրիշներ:

Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակները ժայռապատկերներն են:

Զարգացած գծանկարի նմուշներ են ուրարտական շրջանի, միջին դարերի որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության առանձին կոթողներ: Կերպարվեստի պատմության նոր շրջանում այն վերելք է ապրել Հովնաթանյանների, ապա` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի արվեստի շնորհիվ: Ավելի ուշ շրջանում գծանկարի արվեստը նոր մակարդակի են հասցրել Երվանդ Քոչարը, Գաբրիել Գյուրջյանը, Գրիգոր Խանջյանը, Միքայել Արուտչյանը, Գառզուն, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը և ուրիշներ:

Մանրանկարչություն

                   Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով:

Մանրանկարչությունը ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով:

Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):

Պահպանված հայկական ձեռագրերը մատյաններ են, որոնց մի մասի հիշատակարաններում թվագրված են գրչի, պատվիրատուի, հաճախ՝ նաև ծաղկողների անունները: Ավելի շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց և այլն): Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դարերի նմուշներ են («Էջմիածնի Ավետարան»), իսկ ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագրերը (Ավետարաններ) IX դարից են: Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ:

Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց: XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտենե)] շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը:

XI դարի հայկական առաջին պատկերազարդ ձեռագրերից է «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007 թ., գրիչ՝ Կիրակոս Երեց), որտեղ ավետարանիչների և «Աստվածամայրը մանկան հետ» նկարները գույներով ու նուրբ համամասնություններով հիշեցնում են նույն շրջանի բյուզանդական որմնանկարների ոճը: Կղոտ գավառի (Եփրատի ափին) Թալաշա վանքում 1018 թ-ին ընդօրինակված մի ձեռագրում պատկերված 4 ավետարանիչների դեմքերը հիշեցնում են Աղթամարի վանքի Սբ Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը: X–XI դարերի այդպիսի ձեռագրերի գլուխգործոց է 1038 թ-ի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, Մատենադարան), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարանին» (974 թ.) և «Վեհափառի Ավետարանին» (X դարի վերջ – XI դարի 1-ին կես), որտեղ պահպանվել է ասորա-պաղեստինյան վաղ քրիստոնեական պարզագույն ոճը:

1041 թ-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարանի» (Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան) և 1057 թ-ի մի ձեռագրի (Մատենադարան, ձեռագիր դ 3784) տերունական նկարաշարերն ավարտվում են 4 ավետարանիչների և խաչի պատկերներով: Խորանները փոխել են իրենց ճարտարապետական տեսքը, մեկ ամբողջական էջին (նույն շրջանակում) պատկերվել է 2 տեսարան, որոնք կառուցվածքով հիշեցնում են X–XI դարերի կապադովկյան որմնանկարները: Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական են և սխեմատիկ: Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուսական և երկրաչափական մոտիվներով, թռչուններով ու հուշկապարիկներով (առասպելական ոգիներ):

Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI–XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները հարստացնել կյանքի ու կենցաղի տարրերով:

XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին Հոռոմոսի վանքում է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ է հասել 3 Ավետարան. ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է (XI դարի կես, Մատենադարան)՝ խորաններով, ընդարձակ տերունական նկարաշարով, յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույները փայլատ են ու մեղմ, հարուստ՝ արևելաքրիստոնեական մոտիվներով:

Անիում հույների ներկայությունն արտացոլված է 1053 թ-ի Ավետարանի, «Բեգյունց Ավետարանի» (1060 թ.) և ավետարանիչների պատկերներում, հունական անվանատառերում: XII դարի վերջի – XIII դարի սկզբի Անիի դպրոցներից պահպանվել է Իգնատիոս մանրանկարչի ծաղկած մի քանի ձեռագիր («Բագնայրի Ավետարանը», 1232 թ., 1236 թ-ի Ավետարանը և այլն): Առանձին խումբ են «բյուզանդամետ» համարվող «Տրապիզոնի Ավետարանը» (XI դարի 1-ին կես), «Կարսի Ավետարանը» (XI դար), 1071–78 թթ-ի Ավետարանները (Մատենադարան, ձեռագիր դդ 6975, 10434): XI դարի մատյանները մեծ մասամբ խոշոր են, իսկ XII դարի մատյանները՝ ավելի փոքր: Այդ շրջանի ձեռագրերի ձևավորումը համեստ է:

XII դարում սկզբնավորվել է Ճառընտիրների (Տոնականներ, Մատենադարան, ձեռագիր դդ 3777, 1522, 3782 և այլն), ժողովածուների և մեկնությունների ձևավորման համակարգը, որին բնորոշ են մեծ չափերը, լայն լուսանցքները, արագագիր ոճը:

Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին կեսին: Մանրանկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում պատկերազարդել է «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), որը Անիի դպրոցին ամենաբնորոշ ստեղծագործությունն է: 1298 թ-ին գրիչ Եղբայրիկն ընդօրինակել ու ծաղկել է մի ձեռագիր, որի տերունական և ավետարանիչների կերպարներն ստեղծել է Խաչատուրը: Անիում է ձևավորվել մանրանկարիչ Մխիթար Անեցու արվեստը: Անիի դպրոցից մեզ հասած վերջին ձեռագրի հեղինակը գրիչ Հովհաննես Ոսկեփորիկն է (XIV դար):

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով: Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել: 1113 թ-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 6763) ակնհայտ է Մեծ Հայքի մանրանկարչության ավանդույթների ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են:

XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ ձեռագիրը (1173 թ., Մատենադարան, ձեռագիր դ 1568), որի գրիչը Գրիգոր Մլիճեցին է, պատվիրատուն (ստացողը)՝ Ներսես Լամբրոնացին: Վերջինիս պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը «Սկևռայի Ավետարանն» է (1197 թ.), որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, զուտ կիլիկյան երևույթ են:

XIII դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249 թ., գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռագիր դ 7690, 1251 թ., գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռագիր դ 3033, և այլն), որոնք հիմնականում հետևել են XII դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն:

Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինից հետո՝ 1270-ական թվականներին, արքայական ընտանիքի անդամների համար ստեղծվել են մի շարք ճոխ ձեռագրեր: «Վասակ իշխանի Ավետարանում» (XIII դարի 2-րդ կես, գրիչ՝ Ավետիս) և «Կեռան թագուհու Ավետարանում» (1272 թ., գրիչ՝ Ավետիս) ընծայագրերին փոխարինել են պատվիրատուների ընտանիքների անդամների պատկերները՝ «Դեիսուսի» («Բարեխոսություն»), Աստվածամոր ու Քրիստոսի կերպարներով:

«Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286 թ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (նկարազարդել են XIII դարի վերջին քառորդի անհայտ նկարիչներ, 1320 թ-ին՝ Սարգիս Պիծակը, գրիչ՝ Ավետիս), Մատենադարանի 2 Ավետարանները (ձեռագիր դդ 9422, 2629) հարուստ են զարդային, սյուժետային և ֆիգուրատիվ նկարներով, գեղարվեստական միջոցների բազմազանությամբ, լուսագունային երանգավորմամբ: Գռների և Ակների վանքերի Հովհաննես Արքաեղբոր մանրանկարչության դպրոցում են ստեղծվել Աստվածաշունչը (1263–66 թթ., Մատենադարան, ձեռագիր դ 4243), մեզ հասած առաջին աստվածաշնչյան գրքերից մեկը (1270 թ., Մատենադարան, ձեռագիր դ 345), 1287 թ-ի Ավետարանը (Մատենադարան, գրիչ՝ Հովհաննես Արքաեղբայր, ձեռագիր դ 197) և այլն: «Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը» (Մատենադարան, ձեռագիր դ 197) ոճական առումով, տերունական պատկերների հորինվածքային բարդությամբ ավելի մոտ է արքունական դպրոցի մանրանկարչական արվեստին:

XIII դարի վերջին տասնամյակին Կիլիկյան Հայաստանի գրչարվեստը դեռևս իր բարձրության վրա էր, սակայն մանրանկարչությունը կրել է որոշակի փոփոխություններ: 1292 թ-ի «Հեթում Բ թագավորի Աստվածաշնչում» Ստեփանոս գրիչը (հավանաբար՝ նաև նկարիչը) հետևել է արքունական դպրոցի շքեղ ոճին. ստեղծել է նոր սխեմատիկ ոճ, որի ցայտուն արտահայտողը Սարգիս Պիծակի հայրն է՝ Գրիգորը:

Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյան ճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արևմտյան մասերում (Բարձր Հայք, Խարբերդ և այլն) և Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ և այլն) ստեղծված բարձրորակ ձեռագրերից է «Մշո Ճառընտիրը» (1200–02 թթ., գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս)՝ հայերեն ամենամեծ մագաղաթե մատյանը (55,5 սմ x 70,5 սմ, քաշը՝ 28 կգ): Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված գլուխգործոց է 1269 թ-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը՝ «Երզնկայի Աստվածաշունչը» (գրիչներ՝ Մխիթար, Հակոբ և Մովսես), որի խորանների, անվանաթերթերի, սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը մոտ է կիլիկյան Աստվածաշունչ և այլ մատյանների: Տերունական նկարներով հատկապես առանձնանում է «Թարգմանչաց Ավետարանը» (1232 թ., գրիչ՝ Տիրացու, ծաղկող՝ Գրիգոր), որը գունային հակադրությունների դրամատիզմով կարող է համեմատվել X–XI դարերի Օթոնյան (գերմանական արքայատոհմ Հռոմեական սրբազան կայսրության մեջ) շրջանի գերմանական ձեռագրերի հետ:

Արցախի վանքերում բազմաթիվ ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերից, սակայն այնտեղ պատկերազարդված սակավաթիվ ձեռագրեր են պահպանվել: 1224–61 թթ-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ լավ մշակված մագաղաթներով, մանրանկարների ոճով, ոսկու և գույների նրբությամբ, կառուցվածքով և տիտղոսաթերթերի հորինվածքով մոտ են մանրանկարիչ Իգնատիոսի` Անիում ստեղծած ձեռագրերին: Արցախից հայտնի են 1224 թ-ի Խորանաշատի (Վանենի թագուհու) Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 4823), Հասան-Ջալալյան իշխանի հայր Վախթանգ Տանգիկի և նրա տիկնոջ՝ Խորիշահի Ավետարանը (ծաղկող՝ Թորոս, Մատենադարան, ձեռագիր դ 378):

Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դարի վերջից մինչև XIV դարի կեսը: Այստեղ են ստեղծագործել 3 նշանավոր մանրանկարիչներ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը: Գլաձորի մանրանկարչության դպրոցն առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստին և մշակույթի այլ բնագավառների (քանդակագործություն, ճարտարապետություն), քան գրքարվեստի մյուս դպրոցները: Թորոս Տարոնացու ծաղկած ձեռագրերի խորանները, լուսանցազարդերը և անվանաթերթերի զարդամոտիվները մեծ մասամբ կրում են կիլիկյան դպրոցի ազդեցությունը: Կիլիկյան ակունք ունի նաև որոշ ձեռագրերում (1318 թ-ի «Եսայի Նչեցու Ավետարանը», Մատենադարան, ձեռագիր դ 206, XIV դարի սկզբի Ավետարանը, Լոս Անջելեսի համալսարան, և այլն) Աստվածաշնչի կամ Ավետարանի յուրաքանչյուր դրվագ նկարազարդելու ձգտումը: Տերունական նկարներում ավելի ուժեղ են Մեծ Հայքի տարբեր դպրոցների ազդեցությունները:

Գլաձորի մանրանկարչության դպրոցի վերջին վարպետը՝ Ավագը, սկզբում կրել է Մոմիկի և Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում հասել է հոգեբանական ավելի մեծ արտահայտչականության: Նա խուսափել է բազմապլանայնությունից, Սարգիս Պիծակի նման կերպարներն ու մոտիվները (զարդեր, բնություն և այլն) բերել է մի հարթություն: Ավագն իր արվեստում օգտվել է և՜ կիլիկյան, և՜ գլաձորյան դպրոցների ավանդույթներից:

Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից): Շարունակելով Գլաձորի դպրոցի ավանդույթները՝ դրանք հարստացրել է մոնումենտալ ոճի տարրերով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները՝ 1378 թ-ին ծաղկած Ավետարանում, որը գրվել է 1297 թ-ին, Մատենադարան, ձեռագիր դ 7482):

Տաթևի դպրոցի XV դարի սկզբի նկարիչներից էր Հայրապետը, որի նկարազարդած 1407 թ-ի Ավետարանից պահպանվել է միայն հիշատակարանը (Մատենադարան, պատառիկ 923): Լավագույն ձեռագրերից է նաև նրա ընդօրինակած Հայսմավուրքը (Մատենադարան, ձեռագիր դ 7361), որի զարդանկարներն առանձնանում են նրբությամբ ու գունագեղությամբ, դիմապատկերները՝ գեղանկարչական վարպետությամբ: 1496–1502 թթ-ին Աբրահամ ծաղկողը Տաթևում պատկերազարդել է 1495 թ-ին ընդօրինակված Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 5303):

Տաթևի դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ մատյաններ, որտեղ չկան թեմատիկ նկարներ, հարդարված են կիսախորաններով ու լուսանցազարդերով, մեծ մասամբ՝ գրաֆիկական ոճավորմամբ:

Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել նշանավոր էր XII–XV դարերում: Այստեղ թարգմանվել և ընդօրինակվել է ավելի քան 2 հզ. ձեռագիր, մի մասը՝ նկարազարդ: Մեզ հասած թեմատիկ նկարներ ունեցող առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (IX դար, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր դ 114/86), որն ընդօրինակվել է 862 թ-ին, Վասպուրականում: Մյուս մատյաններն ստեղծվել են X–XI դարերում (Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր դդ 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի և մշակույթի վերելքի արտահայտությունն են:

XI դարի 30–40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների հետևանքով, մշակույթի առաջընթացն ընդհատվել է, և միայն XIII դարի 70-ական թվականներից է սկսվել ձեռագրերի ընդօրինակման ու պատկերազարդման նոր փուլը՝ Արճեշի, Արծկեի, Բերկրիի գրչության կենտրոններում: Հիմնականում պահպանվել են ազգային տեղական ավանդույթները (Սիմեոն Արճիշեցի, Խաչեր, Հովսիան, Մելքիսեդեկ, Վարդան Արծկեցի, Ստեփանոս), փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը:

XIII–XIV դարերում, մանրանկարների ընդհանուր ոճի դրսևորումներին զուգահեռ, կարևորել են նաև դեկորատիվ-հարթապատկերային ձևերը: Դպրոցի վերելքի շրջանում բյուրեղացել ու ավարտուն տեսք է ստացել մանրանկարչության ոճը, աշխույժ գործունեություն է ծավալվել Աղբակում, Աղթամարում, Խիզանում, Նարեկում, Խլաթում և մյուս կենտրոններում:

Վասպուրականի դպրոցին բնորոշ ուշագրավ նմուշներ է ստեղծել Կիրակոս Աղբակեցին [1318–19 թթ-ի (ձեռագիր դ 4817), 1330 թ-ի (ձեռագիր դ 2929) և այլ Ավետարաններ, Մատենադարան]: Նրան հաջորդել են Զաքարիա Աղթամարցին (պատկերազարդած ձեռագրերից 14-ը Մատենադարանում են), Ծերուն Ծաղկողը (Մատենադարանում են 5 ձեռագիր, 1 Ճառընտիր), Հովհաննես Խիզանցին (1401 թ-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռագիր դ 4223, և այլն) և ուրիշներ: XV դարի վերջից տեղական ավանդական ձևերը կորցրել են իրենց կենսունակությունը, իսկ XVII դարի վերջից Վասպուրականի դպրոց են թափանցել նոր ժամանակների միտումներն ու նախասիրությունները:

Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, անվանի գրիչ Նատերի որդիներ Ավետիսն ու Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: Ղրիմի դպրոցի լավագույն ձեռագրերից են Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (1356 թ., Մատենադարան, ձեռագիր դ 7408) և Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1401 թ., Մատենադարան, ձեռագիր դ 3863):

Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) գրչության կենտրոններն ակտիվ շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի` հայ մանրանկարիչների գործերում ակնհայտ է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև XIII–XIV դարերի բյուզանդական արվեստի ազդեցությունը: XVII դարի Ղրիմի մանրանկարիչներից են Խասպեկը (1666 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6341) և ուրիշներ:

Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է. պահպանվել են նրա պատկերազարդած 8 ձեռագրերը, որոնցից 6-ն Ավետարան են: Նա, շարունակելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, ստեղծել է նոր որակ:

XVII–XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:

ՀՀ-ում 1992 թ-ից նորաստեղծ հայորդաց տների համակարգում գործում են մանրանկարչության դասարաններ, 1993 թ-ից՝ Մանրանկարչությա

Posted in Ուսումնական նյութեր

Երաժշտություն

Երաժշտությունն արվեստի տեսակ է, որը գեղարվեստական կերպարներն արտացոլում և մարդու վրա ներգործում է հնչյունների հատուկ ձևով կազմակերպված իմաստավոր հաջորդականությունների միջոցով:

Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա: Երաժշտության հիմնական տարրերն ու արտահայտչամիջոցներն են լադը (ձայնակարգը, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների վերացարկված համակարգը), ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված հաջորդականությունը), չափը (ռիթմի կազմակերպման համակարգը), տեմպը (ստեղծագործության կատարման արագության աստիճանը), ներդաշնակությունը, բազմաձայնությունը, գործիքավորումը և այլն: Երաժշտության պատմականորեն առաջացած արտահայտչամիջոցների ողջ համադրումը երաժշտական լեզուն է:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման հնարավորությունը` աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և ընկալում:

Հին աշխարհում՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Հունաստանում, Չինաստանում և այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների արվեստը: Ընդունված է երաժշտությունը բաժանել հոգևորի (եկեղեցական) և աշխարհիկի:

XVII դարում և XVIII դարի 1-ին կեսին վերջնականապես գերիշխել է աշխարհիկ երաժշտությունը: Կազմակերպվել են մշտական օպերային թատրոններ, երաժշտական ընկերություններ, ժամանակակից ձևերն են ստացել լարային աղեղնավոր գործիքները, ստեղծվել է առաջին դաշնամուրը, կարևորվել է երաժշտական կրթությունը:

Բազմաձայն երաժշտարվեստի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յոհան Սեբաստիան Բախը (պասսիոններ, կանտատներ և այլն) և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը (օրատորիաներ և այլն): Դրանց զուգահեռ ստեղծվել են օպերան (Ալեսանդրո Սկառլատտի, Ժան Ֆիլիպ Ռամո և ուրիշներ), գործիքային կոնցերտը (Անտոնիո Վիվալդի, Արկանջելո Կորելլի և ուրիշներ), կամերային անսամբլը, երաժշտություն երգեհոնի և կլավեսինի համար: XVII–XIX դարերում սկզբնավորվել են հերոսական երգերը, խմբերգերը, քայլերգերը և այլն: Ձևավորվել է սիմֆոնիզմը, որը նշանավորվել է Բեթհովենի, Հայդնի, Մոցարտի բարձրարվեստ ստեղծագործություններով: Դասական նկարագիր է ձեռք բերել սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային կոմպոզիտորական դպրոցներ են հիմնադրվել Ռուսաստանում (Միխայիլ Գլինկա, Պյոտր Չայկովսկի, Մոդեստ Մուսորգսկի), Լեհաստանում (Ֆրիդերիկ Շոպեն և ուրիշներ), Հունգարիայում (Ֆերենց Լիստ), Չեխիայում (Անտոնին Դվորժակ, Բեդրժիխ Սմետանա և ուրիշներ), Նորվեգիայում (Էդվարդ Գրիգ), Ֆինլանդիայում (Յան Սիբելիուս) և այլուր:

Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում, իսկ երաժշտական բանահյուսության ծիսաձևերի մասին տեղեկություններ կան մ. թ. ա. XIV դարի խեթական սեպագրերում: Գեղջկական երաժշտական բանահյուսությունն ընդգրկում է երգի բազմաթիվ տարատեսակներ. առանձնանում են պանդուխտի երգերը, անտունիները, հայրենները: Պրոֆեսիոնալ երգեցիկ արվեստի ձևավորումը սերտորեն կապված է հոգևոր երաժշտության ժանրերին: Վաղ միջնադարից տարածվել են շարականները, սաղմոսները, X դարից՝ գանձերը, հոգեվոր և աշխարհիկ տաղերը:

VII–XIV դարերում մեղեդիները գրառվել են խազերով: 1813–15 թթ-ին Համբարձում Լիմոնճյանն ստեղծել է հայկական նոր ձայնագրությունը: XVII դարից զարգացել է աշուղական արվեստը (Սայաթ-Նովա և ուրիշներ), իսկ գործիքայինը՝ առավելապես XIX դարում: XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին հայ կոմպոզիտորների երկերով նշանավորվել է ազգային կոմպոզիտորական դպրոցի ծնունդը (Տիգրան Չուխաճյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Նիկողայոս Տիգրանյան, Արմեն Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան և ուրիշներ): Ազգային կոմպոզիտորական դպրոցի առաջընթացին նպաստել են նաև սփյուռքահայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսը, Համբարձում Պերպերյանը, Նիկոլ Գալանդերյանը, Բարսեղ Կանաչյանը և ուրիշներ: Տարբեր տարիների նշանավոր օպերային երկեր են ստեղծել Տ. Չուխաճյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ալեքսանդր Հարությունյանը,  Ավետ Տերտերյանը, բալետներ՝ Արամ Խաչատրյանը, Գրիգոր Եղիազարյանը, Սերգեյ Բալասանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:  Սիմֆոնիկ և կոնցերտային ժանրերի զարգացումը հիմնականում պայմանավորված է Ա. Խաչատրյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի, Գ. Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի,  Ա. Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Տերտերյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործություններով: Կամերային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ադամ Խուդոյանը, Գագիկ Հովունցը, Տ. Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը, Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Էդուարդ Հայրապետյանը, Լևոն Չաուշյանը և ուրիշներ:

Հայկական ժողովրդական երաժշտությունը հիմնարար դեր ունի ազգային մասնագիտացված (կոմպոզիտորական) երաժշտարվեստի ստեղծման և զարգացման մեջ:

Զարգացման որոշակի աստիճանի է հասել նաև ջազային ու էստրադային երաժշտությունը (Արտեմի Այվազյան, Կոստանդին Օրբելյան, Ա. Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան և ուրիշներ):

Երաժշտագիտական ուսումնասիրություններ են գրել Կոմիտասը, Քրիստափոր Քուշնարյանը, Ալեքսանդր Շահվերդյանը, Ռոբերտ Աթայանը, Նիկողոս Թահմիզյանը, Գևորգ Գյոդակյանը և ուրիշներ:

Posted in Ուսումնական նյութեր

Թատրոն

Թատրոնն արվեստի տեսակ է, որն արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ:  Թատերական ներկայացումը գրական երկի և բեմական գործողության համադրությամբ ստեղծվող իրականություն է:

«Թեատրոն» բառը հունարեն է. նշանակում է հանդիսավայր, ներկայացում: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի անմիջական կրողը դերասանն է. նա գրական երկի հերոսներին անձնավորում, կերպավորում է բեմական խոսքի, դիմախաղի և շարժման միասնությամբ:

Դերասանի պրոֆեսիոնալ արվեստը ձևավորվել է և զարգացել Հին Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Հին Հունաստանի թատրոններում:

Հայ իրականության մեջ դերասանի արվեստի ավանդույթներն սկզբնավորվել են մ. թ. ա. II–I դարերում: Նորագույն թատրոնը բնորոշվում է նաև ռեժիսորի արվեստով. նա գրական երկի բեմադրման ողջ ընթացքի ղեկավարն է: Ռեժիսորը  բեմական արտահայտչամիջոցներով բացահայտում է երկի գաղափարը` ըստ իր մտահղացման:

Պատմական զարգացման ընթացքում, որպես թատրոնի հիմնական տիպ և թատերական համակարգ, ստեղծվել է դրամատիկական արվեստն իր գաղափարաբովանդակային հիմքով՝ թատերագրությամբ (դրամա): Թատրոնը տարակառույց (սինկրետիկ) արվեստ է, որի բաղադրիչները՝ օպերան, բալետը, մնջախաղը, տիկնիկային թատրոնը, կրկեսը, զարգացման ավելի ուշ շրջաններում՝ XVI–XVII դարերում, մշակվել և դարձել են բեմարվեստի ինքնուրույն տեսակներ: Թատերարվեստի նախատիպեր են  հնագույն կրոնապաշտամունքային խաղերն ու արարողությունները, երգային-վիպական բանահյուսության ավանդման ձևերը, որոնք սկզբնավորվել և զարգացել են Միջագետքի և առաջավորասիական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Դրամայի և թատերական ներկայացման նախնական ձևը խմբերգային բանաստեղծությունն էր, որը մ. թ. ա. VI–V դարերում Հին Հունաստանում վերաճել է գրական թատրոնի: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III–I դարեր) թատրոնում խմբերգային տարրը, նվազելով, իր տեղը զիջել է գործողությանը: Հունական դրամայի անկումից հետո թատրոնը և դրամատուրգիան զարգացել են Հռոմում՝ որպես քաղաքական ողբերգություն և կենցաղային կատակերգություն: Անտիկ թատրոնի հին ու նոր ձևերը տարածվել են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդեսիայում, Արտաշատում, Տիգրանակերտում և այլուր:

Ըստ Պլուտարքոսի՝ Հայոց Տիգրան Բ Մեծ արքան մ. թ. ա. 69 թ-ին թատրոն է կառուցել մայրաքաղաք Տիգրանակերտում: Տիգրան Բ-ի ստեղծած թատերական ավանդույթն Արտաշատում շարունակել է որդին՝ Արտավազդ Բ-ն, որը գրել է ողբերգություններ:

Հելլենական քաղաքակրթության անկումից հետո ձևավորվել է միջնադարյան թատրոնը Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում (III–X դարեր): Ինքնատիպ թատերական համակարգեր են ձևավորվել և զարգացել Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, իսկ X դարից եվրոպական երկրներում լայնորեն տարածվել է շրջիկ հրապարակային թատրոնը: XII–XV դարերում Եվրոպայում զարգացել է հոգևոր դրաման և մինչև XVI դարը գրական թատրոնի հիմնական տիպն էր:

Թատրոնը զարգացման նոր աստիճանի է հասել Վերածնության դարաշրջանում: Եվրոպական որոշ երկրներում վերաիմաստավորվել են անտիկ և հելլենական թատրոնի գեղագիտությունը և հումանիստական ոգին, զարգացել է գեղարվեստական նոր աշխարհայացք, որը պայմանավորել է թատերական մտածողության ամբողջ հետագա ընթացքը: XIX դարի 1-ին կեսին մեծացել է դերասանի՝ որպես կենտրոնաձիգ ուժի, նշանակությունը:

Հայ իրականության մեջ միջնադարից հետո թատրոնը նորովի սկզբնավորվել է XVII–XVIII դարերում՝ Լվովի հայկական կաթոլիկական և Վենետիկի Մխիթարյան դպրոցներում:

Հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոններն ստեղծվել են Կոստանդնուպոլսում («Արամյան թատրոնը», 1846 թ., «Արևելյան թատրոնը», 1861 թ.) և Թիֆլիսում (Հայոց դրամատիկական թատրոնը, 1863 թ.):

Հայկական նոր թատրոնը զարգացել է այն երկրներում (Լեհաստան, Ռուսաստան, Եգիպտոս, Իտալիա և այլուր), որտեղ ժամանակի ընթացքում առաջացել են  հայկական գաղթավայրեր:

XX դարում Հայաստանի առաջին պետական թատերական հաստատությունը Երևանի Առաջին պետթատրոնն էր (այժմ՝ Ազգային ակադեմիական թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան), որը հիմնադրվել է 1921 թ-ին: 1920-ական թվականներից կազմակերպվել են Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի դրամատիկական, Երևանի և Գյումրիի տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնները: 1970–80-ական թվականներից Երևանում գործում են մնջախաղի, կամերային, Հենրիկ Մալյանի անվան և այլ թատրոններ:

1957 թ-ից գործել է հեռուստաթատրոնը:

1990-ական թվականներին Հայաստանում կատարված վերափոխումներն արտացոլվել են նաև թատրոնում. երկրում անկախության հաստատումը թատերական գործիչներին ազատ ստեղծագործելու հնարավորություն է ընձեռել:

Երևանում բացվել են նոր՝ Համազգային, Երաժշտական կամերային, «Մետրո» դրամատիկական, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Ագուլիս» տիկնիկային և այլ թատրոններ:

Հայկական թատերախմբեր են գործում նաև Սփյուռքում՝ Լիբանանում՝ «Փափազյան թատերախումբը», Սիրիայում՝ «Ադամյան թատերախումբը», Լոս Անջելեսում՝ «Մհեր Մկրտչյան թատերախումբը», «Վարդան Աճեմյան թատերախումբը», Նյու Յորքում՝ Համազգայինի թատերախումբը և այլն:

Posted in Ուսումնական նյութեր

Կինո

Կինոն արվեստի տեսակ է. ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ: Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ:

«Կինոն» հունարեն է. նշանակում է շարժել:

Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են. 1895 թ-ին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ: Առաջին կինոցուցադրումը տեղի է ունեցել նույն թվականին, Փարիզում:

Կինոխցիկի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնել իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանության: Նկարահանված տարբեր կադրերի (կինոժապավենի վրա պատկերված անշարժ կամ շարժման մեկ պատկեր) համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական նոր՝ էկրանային իրողություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը: Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի աշխատանքը:

Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները.

ա. գեղարվեստական (խաղարկային), որը դերասանական արվեստի միջոցներով մարմնավորում է գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոեզիայի երկերը, բ. վավերագրական, որը կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկումներով, գ. մուլտիպլիկացիոն, որն ստեղծվում է նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ, դ. գիտահանրամատչելի, որն օգտագործում է նշված 3 տեսակների միջոցները:

Կինոն բաժանվում է համր և  հնչուն շրջանների: 1930-ական թթ-ի սկզբին դարձել է հնչուն, մշակվել են գունավոր նկարահանման տեխնիկական հիմունքները: 1950-ական թվականներից ստեղծվել են էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնաֆորմատ, համայնապատկերային և այլն):

Ֆրանսիայում արժեքավոր ֆիլմեր են ստեղծել  ռեժիսորներ Ժ. Մելիեսը (առաջին կինոստուդիայի ստեղծողը), Ժան Ռենուարը, Ռենե Կլերը, Անրի Վեռնոյը, ԽՍՀՄ-ում՝ Սերգեյ Էյզենշտեյնը, Ալեքսանդր Դովժենկոն, Սերգեյ Գերասիմովը, Սերգեյ Բոնդարչուկը, Անդրեյ Տարկովսկին, Լև Կուլիջանովը, ԱՄՆ-ում՝ Չառլզ Չապլինը, Քինգ Վիդորը, Ստենլի Կրամերը, Ռուբեն Մամուլյանը և ուրիշներ:

Զարգացած կինոարտադրություն ունեն Անգլիան, Իտալիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ:

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–14 թթ-ին: Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ` Կովկասյան ռազմաճակատում: Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918–20 թթ-ին: Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924 թ.) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925 թ.) գեղարվեստական ֆիլմերով: Հայկական կինոյի համր շրջանում (1924–35 թթ.) ստեղծվել են «Զարե» (1926 թ.), «Շոր և Շորշոր» (1926 թ.), «Կիկոս» (1931 թ.), «Գիքոր» (1934 թ.) և այլ կինոնկարներ: Առաջին հնչուն ֆիլմը «Պեպոն» է (1935 թ.)՝ հայկական կինոյի լավագույն նմուշներից, որին հաջորդել են «Սևանի ձկնորսները» (1938 թ.), «Լեռնային արշավ» (1939 թ.), «Քաջ Նազար» (1940 թ.) և այլ կինոնկարներ:

1950-ական թվականների կեսից հայկական կինոյում սկսվել է նոր փուլ («Հասցեատիրոջ որոնումները», 1955 թ., «Լեռնային լճի գաղտնիքը», 1954 թ., «Ոսկե ցլիկ», 1955 թ., և այլն), որին բնորոշ է առօրեական թեմաների արտացոլումը: Այդ և հետագա տարիներին էկրան են բարձրացել գեղարվեստական ֆիլմեր, որոնցից շատերն արժանացել են հայկական և միջազգային կինոփառատոների պարգևների: Լավագույններից են՝ «Պատվի համար» (1956 թ.), «Բարև, ես եմ» (1965 թ.), «Սարոյան եղբայրներ» (1968 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Երկունք» (1976 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Հուսո աստղ» (1978 թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Քամին ունայնության» (1989 թ.), «Ձայն բարբառոյ…» (1991 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.), «Հին աստվածներ» (1993 թ.), «Ուրախ ավտոբուս» (2000 թ.), «Քրմուհին» (2006 թ.) և այլն:

Գեղարվեստական կինոնկարներ են ստեղծել կինոռեժիսորներ Համո Բեկնազարյանը, Ամասի Մարտիրոսյանը, Ստեփան Կևորկովը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Փարաջանովը, Լաերտ Վաղարշյանը, Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Ներսես Հովհաննիսյանը, Վիգեն Չալդրանյանը և ուրիշներ: Վավերագրական կինոյում հիշարժան են «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967 թ.), «Մենք» (1969 թ.), «Կանչ» (1976 թ.), «Մեր դարը» (1982 թ.), «Մատենադարան» (1983–2002 թթ.), «Սպասում» (1984 թ.), «Կոնդ» (1987 թ.), «Վերջ» (1992 թ.), «Կյանք» (1993 թ.), «Վաճառվում է» (1996 թ.), «Սահման» (2009 թ.) և այլ ֆիլմեր:

Արժեքավոր վավերագրական ֆիլմեր են ստեղծել Լևոն Իսահակյանը, Ռոզալիա Ֆրանգուլյանը, Արտավազդ Փելեշյանը, Արա Վահունին, Ռուբեն Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:

Հայկական կինոյի զարգացմանը նպաստել են կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Կարեն Մեսյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ալբերտ Յավուրյանը, նկարիչներ Միքայել Արուտչյանը, Ստեփան Անդրանիկյանը, Վալենտին Պոդպոմոգովը, կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:

Լավագույն ֆիլմերը (գեղարվեստական, վավերագրական և այլն) ներկայացվում են միջազգային կինոփառատոներում, որտեղ սահմանված են մրցանակներ տարբեր անվանակարգերում՝ լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանի, լավագույն օպերատորի և այլն:

1929 թ-ին Ամերիկյան կինոակադեմիան սահմանել է «Օսկար» մրցանակը, որը տրվում է լավագույն կինոնկարներին և կինոգործիչներին: Միջազգային առաջին կինոփառատոնն անցկացվել է 1932 թ-ին, Վենետիկում: Հայտնի են նաև «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» (Վենետիկ), «Ոսկե դափնեճյուղ» (Կանն), «Բյուրեղապակյա գլոբուս» (Կառլովի Վարի), «Նիկա» (Մոսկվա) և այլ կինոմրցանակներ:

2004 թ-ից Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը (սահմանված են «Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան» մրցանակները):

1957 թ-ից Երևանում գործում է Հայֆիլմ կինոստուդիան, որը թողարկում է գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Հեռուստաֆիլմեր են նկարահանվել «Երևան», վավերագրական՝ «Հայկ» ստուդիաներում:

Posted in Ուսումնական նյութեր

Ճարտարապետություն

Ճարտարապետությունը մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրը ձևավորող տարածական կառուցվածքների համակարգն է, դրանք ստեղծելու արվեստը: Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝ գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների (քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են: Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը:

Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում: Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):

Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ [Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), Հին Իրանի պալատները և այլն]: Հին Հունաստանում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ: Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն  էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին: Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ Աթենքի Պարթենոնը: Հին Հռոմում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):

Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում. սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա):

XIX դարի 2-րդ կեսին Եվրոպայում ու ԱՄՆ-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:

XIX դարի վերջի – XX դարի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների` մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը:

Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ շինարարական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար: Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին շենքերի փոխարեն իշխում են քաղաքաշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը` վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով:

Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ Լը Կորբյուզեն, Ֆրանկ Լլոյդ Ռայթը, Միս Վան դեր Ռոեն, Վալտեր Գրոպիուսը, Օսկար Նիմեյերը, Քենձո Թանգեն, Ալվար Աալտոն, Էրո Սաարինենը, Լուիս Կանը, Ժորժ Կանդիլիսը և ուրիշներ ստեղծել են  ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին:

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:

Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները. պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ:

Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–III դարերի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը: Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ: Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը:

Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են:

Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև XIV դարը՝ IX–XI և XII–XIV դարերի ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, Կարս, Վան և այլն), ստեղծվել են վանական համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի (գրատուն, սեղանատուն, հյուրանոց-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում, Արցախում և այլուր:

Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–XVIII դարերը. երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:

Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության (Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր Բայազետ և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ: Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը:

Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ 1920–90 թթ., երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:

Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար):

Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:

Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում:

Posted in Ուսումնական նյութեր

Նատյուրմորտ

Նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (կահ-կարասի, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ձկներ,  մասնագիտական պիտույքներ և այլն):

Նատյուրմորտը» ֆրանսերեն է. նշանակում է մեռած բնություն: Նատյուրմորտի մոտիվները՝ որպես կոմպոզիցիայի մանրամասեր, գոյություն են ունեցել հինարևելյան, անտիկ և միջնադարյան արվեստներում: Նատյուրմորտը՝ որպես ինքնուրույն ժանր (գլխավորապես հաստոցային գեղանկարչության մեջ), սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց: Վերածննդի շրջանի իտալացի, մասնավորապես նիդեռլանդացի վարպետներն իրենց աշխատանքներում կարևորել են նյութական աշխարհը, իրերի զգայական գեղեցկությունը:

XVII դարի նիդեռլանդական նատյուրմորտը բացառիկ մշակութային երևույթ է, որն ազդել է եվրոպական գեղանկարչության հետագա զարգացման վրա: Այդ ժանրի առաջին տեսակներից են ծաղիկներով նատյուրմորտները. առանձնանում են հատկապես Ամբրոսիուս Բոսհարտ Ավագի և Բալթազար վան դեր Աստի գործերը: Ավելի ուշ այդ տեսակը զարգացրել է Յան Դավիդս դե Հեմը: Ծաղիկներով նատյուրմորտի տարածվածությունը պայմանավորված էր նիդեռլանդական կենցաղի առանձնահատկությամբ (սերը ծաղկանոցների, այգիների, տնային բույսերի նկատմամբ): Նիդեռլանդներում տարածված էր նաև «գիտական» նատյուրմորտը (սկզբնավորվել է Լեյդեն քաղաքում), որի վարպետներից են Պիտեր Սթենվեյքը և Դավիդ Բայլին: «Գիտական» նատյուրմորտում առկա են հնարքներ, որոնք ստեղծում են տեսողական խաբկանք:

Նատյուրմորտը՝ որպես գեղանկարչության ժանր, սկզբնավորվել է իտալացի նկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504 թ.) աշխատանքով, սակայն առավել տարածվել է XVI դարի 2-րդ կեսին և XVII դարի սկզբին: Իտալական նատյուրմորտի զարգացմանը նպաստել են Կառավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնց ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում:

XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները:

Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:

Հայկական կերպարվեստում նատյուրմորտի մոտիվներն արտացոլվել են միջնադարյան մանրանկարչության մեջ: Առաջին նատյուրմորտների հեղինակը նկարիչ Մինասն է (XVII դար): Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով:

1920-ական թվականներին Թիֆլիսում ստեղծագործող Լևոն Ասլամազյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո), Հովսեփ Կարալյանի և Հակոբջան Ղարիբջանյանի ինքնատիպ նատյուրմորտներում համադրված են դասական ու ազգային արվեստները: 1920–30-ական թվականներին Մ. Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վրթանես Ախիկյանի, Վահրամ Գայֆեջյանի, Լևոն Թութունջյանի և ուրիշների ստեղծագործությունները հարստացրել ու առավել բազմազան են դարձրել ժանրը: 1940-ական թվականներից ուշագրավ նատյուրմորտներ են ստեղծել Մհեր Աբեղյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ:

1950–70-ական թվականներին Հարություն Կալենցը, Գրիգոր Խանջյանը, Մինաս Ավետիսյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Վարոս Շահմուրադյանը, Ռուբեն Ադալյանը, Վաղինակ Սարգսյանը և ուրիշներ իրենց նատյուրմորտներում արծարծել են դեկորատիվ, հոգեբանական, կառուցվածքային և այլ խնդիրներ: Նատյուրմորտի նշանավոր վարպետներ են նաև սփյուռքահայ Հովսեփ Փուշմանը, Գրիգոր Շլդյանը, Շարթը (Սարգիս Հարությունյան), Տիրիթը (Հարություն Տիրիթյան) և ուրիշներ: Ժամանակակից հայ գեղանկարիչներից նատյուրմորտներ են ստեղծում Հրանտ Մնացականյանը, Գագիկ Շահինյանը, Զարուհի Մանուկյանը, Վահրամ Հակոբյանը, Նինա Կարապետյանը, Սուրեն Համբարձումյանը և ուրիշներ: