Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Բանգլադե՞շ, թե՞ Գլդան

IMG_E6705.JPG

Ողջո՜ւյն, մենք Թբիլիսիում ենք արդեն։

Կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ տիար Բլեյանի ղեկավարությամբ հանրակրթական կամուրջներ նախագծող նոյեմբերի 5-ից 9-ը գտնվում են Թբիլիսիում։

Առաջին օր շա՜տ հագեցած էր։ Ճանապարհ ընկանք 8։30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից և միայն երեկոյան հասանք Թբիլիսի։ Երթուղին անցնում էր Երևան-Սևան-Դիլիջան-Բագրատաշեն ճանապարհով։ Այնքա՜ն տեսնելու, հիանալու, շշմելու, պատմելու բան կար ճանապարհին․․․ Դե սկսեմ։

Առաջին կանգառը կատարեցինք Սևանի ափին, հմայվեցինք աշնանային Սևանով, մաքրեցինք տվյալ հատվածն աղբից և պարերգերի ուղեկցությամբ շարունակեցինք ճանապարհը։ Կանգառներն արագորեն հաջորդում էին իրար , քանի որ չէինք ուզում ոչ մի աշնանային տեսարան, դիտարան բաց թողնել։ Դիլիջան, Հաղարծին, Իջևան, Ձորագետ, Աղստև, Նոյեմբերյան, Կողբ և վերջապես հասանք Բագրատաշեն։ Անցակետը շատ արագ անցանք և հատեցինք հայ-վրացական բարեկամական սահամանը։ Վրաստան մտնելու պես առաջին գործը մրգեր գնելն էր։ Երեկոյան արդեն Ծղնեթիում էինք։ Մեզ դիմավորում էր մեր հմայիչ գործընկեր Վիկտորյա Բալավաձեն՝ իր ամուսնու ուղեկցությամբ։ Միաիսն ունեցանք կլոր սեղան-քննարկում, ներկայացվեց հաջորդ օրերի ծրագիրը, տեղավորեցինք իրերը և գնացինք երեկոյան Թբիլիսիում թափառելու։ Մի քանի ժամ վայելում էինք երեկոյան Թբիլիսին՝ իր հին ու նոր պատկերներով։ Տիար Բլեյանի ուղեկցությամբ Լեսելիձե փողոցի երկայնքով իջնում էինք, մտնում առանձին նեղ ու հետաքրքիր թբիլիսյան բակեր, զարմանում թբիլիսյան յուրահատուկ ճարտարապետական  կոլորիտով։

Զբոսանքից հետո վերադարձանք Ծղնեթի, միասին հավաքվեցինք՝ հաջորդ օրվա համերգ-ցուցադրությանը պատրաստվելու։

Առավոտյան Ծղնեթիում արթնանալը մի ուրիշ վայելք է։ Բնությունը խաղաղ, ներդաշնակ պարուրել էր բոլորիս։ Նախաճաշից հետո արագ քայլքով շարժվեցինք դեպի մոտակա բլուրը, որտեղ էլ անցկացրեցինք ընդհանուր պարապմունքը, որտեղ էլ նկարահանեցինք տիարի այսօրվա տեսագիրը։

Այժմ գտնվում ենք Գլդանի տեխնոլոգիական քոլեջում, որտեղ այսօր, ժամը 15։00, ունենալու ենք համատեղ կլոր սեղան-պարապմունք մեր վրաց գործընկերների հետ։

Սպասեք մեր հաջորդ պատումներին։

Թողնել մեկնաբանություն